Անժելա Տերյան
Արարիչ Ար Աստծո, Արև-Աստծո, Արևի տարածված
խորհրդանիշեր են սվաստիկան ու խաչը: Սվաստիկան իր
հիմքով նման է խաչի, սակայն թևերի չորս ծայրերը ուղիղ անկյունով թեքվում են աջ կամ ձախ՝ խորհրդանշելով աշխարհի չորս կողմերը տարածվող լույսը, արևը, անսահմանությունը ու հավերժությունը: Կենտրոնում ունենալով Մայր Երկիրը, այն նաև անընդհատ շարժման տպավորություն է թողնում, խորհրդանշելով արևի շարժումը: Բացի սվաստիկայի դասական այս ձևից, որը շատ պարզ է ու գեղեցիկ, գոյություն ունեն նաև եռաթև, բազմաթև, կորածայր, միոլոր, բազմոլոր և այլ ձևի սվաստիկաներ:
Սվաստիկան տարբեր ժողովուրդների մոտ տարբեր անվանումներ է ունեցել, սակայն 19-րդ դարի վերջերից տարածվում է սանսկրիտ սվաստիկա անվանումը: Հայաստանում տարածված են արևխաչ, կեռխաչ, ճանկախաչ, խաչաթև, արմնկաձև խաչ, հավերժության նշան և այլ անվանումներ: «Սասնա ծռեր» դյուցազնավեպից հայտնի «Խաչ Պատերազմին», որն իրենց աջ բազկին կապում էին Սասնա դյուցազունները թշնամու դեմ մարտի գնալուց առաջ, անկասկած սվաստիկա էր, քանի որ հենց սվաստիկան է եղել հայ ռազմիկների սիրված ու տարածված խորհրդանիշերից մեկը՝ ըստ հայտնաբերված հնագիտական նյութերի:
Հայաստանում հանդիպում են և՝ աջ թեքումով, և՝ ձախ թեքումով սվաստիկաներ, որոնք մեծ քանակությամբ պատկերված են Գեղամա և Սյունյաց լեռներին (ժայռապատկերներ), պեղումների ժամանակ հայտնաբերված զենք-զրահին, զարդերին, պաշտամունքային ու կենցաղային իրերին:
Սվաստիկայի նկատմամբ միշտ մեծ հետաքրքրություն է եղել աշխարհում: Բազմաթիվ գիտնականներ և ուսումնասիրողներ (Յ. դը Մորգան, Մուրիե, Լիտտրե, Դիվմուրտիե, Մ. Մյուլլեր) զբաղվել են սվաստիկայի առեղծվածով: Նրանք փորձել են պատասխանել բազմաթիվ հարցերի, այդ թվում. ի՞նչ է նշանակում սվաստիկայի աջ թեքումը, ի՞նչ է նշանակում ձախ թեքումը, ի՞նչ է նշանակում սվաստիկա բառը, ինչպե՞ս կարելի է այն բացատրել, ի՞նչ է խորհրդանշում այն և այլն:
Տարածված կարծիքներից մեկի համաձայն՝ սվաստիկայի (նաև խաչի) հիմքի հորիզոնական գիծը նյութական աշխարհն է, իսկ ուղղահայացը՝ ոգեղեն, տիեզերական աշխարհը: Այս պատկերում խաչաձևվում են նյութն ու ոգին: Սվաստիկայի աջ թեքված չորս ծայրերը՝ ըստ ջայնիզմի հետևորդ հնդիկ մի վարդապետի, նյութական տիեզերքում հոգիների գոյության չորս աստիճաններն են ներկայացնում. ա) նախասկզբնական, ստորին շրջան, բ) երկրային կյանք, բուսական և կենդանական աշխարհ, գ) մարդկային վիճակ և դ) երկնային կյանք: Այս բոլոր աստիճանավորումները նյութի ու ոգու միակցումներն են տարբեր վիճակներում: