
«Ո՞վ էր Սերոբը, Աղբյուր մականված սողորդցի այդ հանրածանոթ գյուղացին, որի առջև սասանում են երկու ամբողջ գավառներ, որի անունով թնդում են Բաղեշի և Խլաթի լեռներն ու ձորերը…»Քրիստափոր ՄիքայելյանԱղբյուր Սերոբը (Վարդանյան) ֆիդայական շարժման առաջին սերնդի գործիչներից է:Ժողովուրդը նրան անվանել է Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող Սերոբ:Նա հայտնի է նաև Նեմրութի հսկա, Նեմրութի Ասլան անուններով:Աղբյուր Սերոբ (իսկական անունը՝ Սերոբ Վարդանյան, 1864, գ. Սոխորդ (Բիթլիս) – 1899, նոյեմբերի 1, Գելիգուզան (Սասուն)), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ՀՅԴ կուսակցության անդամ: Հայոց հինավուրց Տարոնո աշխարհի Ախլաթ (Խլաթ) գավառի Սողորդ գյուղի համբավավոր, հարուստ Խչեի տոհմից էր Սերոբը (Սերոբ Վարդանյան), ծնված 1864 թ.։ Սերոբը Վարդանյանների գերդաստանի չորս որդիներից կրտսերն էր։ Մանուկ հասակից սիրում էր շրջել հայրենի Նեմրութի լանջերին, ապրել սարերի ու լեռների շնորհած ազատությամբ։ Բնատուր որսորդ էր. մի զարմանալի հատկություն՝ բնորոշ մեծ հայդուկներին։ Որսորդության մեծ սիրահար էին Նիկոլ Դումանը, Գևորգ Չաուշն ու Սեբաստացի Մուրադը։Տասնութ տարեկանում ավագ եղբայրը՝ գյուղի ռես Մխեն Սերոբին նվիրում է հրացան և դաշույն, և նա ամբողջությամբ նվիրվում է որսորդության, ամեն օր սարերից վերադառնում հարուստ որսով։Նա բարձրահասակ էր, բնականից օժտված ֆիզիկական հրաշալի տվյալներով, իսկ լեռներում անցկացրած ազատ կյանքը, որսորդությունն ու ձիավարժությունը մեծապես նպաստեցին ձևավորելու ապագա մեծ ռազմիկին բնորոշ ֆիզիկական հզոր կոփվածք, բնության տարերքներին դիմագրավելու ուժ և անվրեպ նշանառուի հմտություն։ Նա մանկությունից տեսավ հայ գյուղացու իրավազուրկ, թշվառ վիճակը, և այդ ամենը նրա անաղարտ հոգում սերմանեցին հայության ազատությունը բռնադատող ամեն կարգի անարդարությունների դեմ պայքարելու բուռն ձգտում։Երբ բոլորում է Սերոբի 21 տարին, Պոլսից գյուղ է վերադառնում ազգային կյանքով տարված, ուսյալ հորեղբայրը՝ Առաքելը։ Հորեղբորը հիացմունք են պատճառում եղբորորդու հրաշալի ֆիզիկական կատարելությունը, հրազենին տիրապեւոելու անզուգական վարպետությունն ու բնատուր ընդունակությունները։ Եվ մի օր էլ, երբ Սերոբը վերադառնում էր սարերից՝ որսի հերթական զոհը շալակին, հորեղբայրը դիմում է նրան. «Սերոբ, իրաւ դան լաւ, կտրիչ որսորդ ես, նշան բռնած տեղը կը գամես, բայց բաւական չէ վայրի գազաններ որսալ, ատիկա հեշտ է, երբեմն մարդ գազաններ ալ որսալու է»։Հորեղբայրը հայրենասիրական գաղափարներ ու պայքարի ոգի է սերմանում նրա հոգում։