10/08/2012

Հայերի դերը ռուս-պարսկական պատերազմներում



Պատերազմների ժամանակ հայ ժողովուրդը զգալի ռազմական, նյութական և բարոյական օգնություն է ցույց տվել ռուսական բանակին: 1804–13 թթ-ի պատերազմի ընթացքում Երևանի բերդի առաջին պաշարմանը (1804 թ.) մասնակցել են 100 հեծյալից կազմված հայկական աշխարհազորային և Ռոստոմ Բեկի (Ռուստամ) գլխավորած հայկական հեծյալ ջոկատները: Պատերազմի առաջին իսկ օրերից Ղազախ-Շամշադինում և Դիլիջանում թշնամու դեմ սրընթաց գրոհներ է կատարել վարդապետ Գրիգոր Մանուչարյանցի աշխարհազորային ջոկատը (500 հեծյալ): Լոռի-Փամբակում աչքի են ընկել Մարտիրոս Վեքիլյանի ջոկատը և Մելիք-Աբովի հեծելաջոկատը (50 հեծյալ): 1806 թ-ին Ղարաբաղում կռվել է Մելիք-Ջումշուդ Շահնազարյանցի հեծյալ ջոկատը: 
1811–12 թթ-ին Զանգեզուրում նույնպես կազմակերպվել են աշխարհազորային ջոկատներ, որոնք մասնակցել են ռուսական զորքերի ռազմական գործողություններին: Շատ հայեր՝ որպես ռազմական հետախույզներ ու կապավորներ, մեծապես օժանդակել են ռուսական զորքերին: Խիզախությամբ և համարձակությամբ աչքի են ընկել Հարություն Բաբիջանյանը, Վանի և Հակոբ Աթաբեկյան եղբայրները, Հովհաննես Ասլանյանը (Երկրորդ ռուս-պարսկական պատերազմի հերոս), Հարություն Մանուկյանը, Մկրտիչ Կոստանյանը, Համազասպ Եսայանը և ուրիշներ:
1827 թ-ի գարնանը վիրահայոց հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու (Ամենայն հայոց կաթողիկոս՝ 1843–57 թթ-ին) և բանաստեղծ, մանկավարժ Հարություն Ալամդարյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում ու այլ քաղաքներում ստեղծվել են հայկական կամավորական գումարտակներ (ընդգրկվել են 18–30 տարեկան տղամարդիկ), որոնք ունեցել են իրենց կանոնադրությունը, ազգային դրոշը և հայ հրամանատարներ՝ զինվորական աստիճանով: Ղարաբաղի հայերը նույնպես կազմավորել են կամավորական մի հեծելազոր: 
Երևանյան արշավանքի ժամանակ կամավորների թիվը հասել է ավելի քան 1000 հոգու: 
1826–28 թթ-ի ռուս-պարսկական պատերազմին, որպես հեծյալ ջոկատի հրամանատար, մասնակցել է Նապոլեոն I-ի թիկնապահ Ռուստամը (Ռոստոմ Խաչատուրյան) և Ղարաբաղի ազատագրումից հետո բնակվել է Շուշիում: 
Պատերազմների ժամանակ ռուսական բանակի պարենի պակասը հոգացել են հայ բնակիչները, զգալի օգնություն է ցույց տվել նաև Սբ Էջմիածնի վանքը:
Երկրորդ ռուս-պարսկական պատերազմին գործուն մասնակցություն են ունեցել նաև Կովկաս աքսորված դեկաբրիստները (70 սպա և 3 հզ. շարքային զինվորներ):


No comments:

Post a Comment