371 թ. ձմռանը Շաւպուհ II-ը նախապատրաստվում է նոր հարձակման։ Համալրելով մեծաքանակ զորք և զինելով նրանց՝ Շապուհը մեծ բանակով գալիիս է Ատրպատականի Թավրիզ քաղաքը։ Ինքը փոքրաքանակ զորքով մնում է Թավրիզում, իսկ զորքերի գլխավոր ուժերն ուղարկում է Պապ թագավորի դեմ։ Պարսկական զորքերը գրավում են Հայաստանի կենտրոնական նախարարությունները, դրանց թվում` Արարատյան դաշտը։
Ճակատամարտի նախապատրաստական փուլը։ Պապ թագավորի կարգադրությամբ, հայոց զորքերը քաշվում, կենտրոնանում են Բագավանում, Նպատ լեռան հյուսիսային զառիվայրերի վրա։ Այստեղ են գալիս և հռոմեական զորքերը։ Շարժվելով հայոց զորքերի հետքերով՝ Շապուհն իր ամբողջ բանակով հասնում է Բագավան և բանակ դնում հայկական ու հռոմեական զորքերի դեմ՝ Ձիրավի դաշտավայրում։
Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը, միացնելով հայկական և հռոմեական զորքերը, որոնց թիվը հասնում էր շուրջ իննսուն հազարի, կառուցում է մարտական կարգեր, ըստ որի` աջ թևում դասավորում է հայոց զորքերը, իսկ ձախ թևում` հռոմեական։ Շապուհը նույնպես դասավորում է իր զորքերի մարտական կարգերը։Ճակատամարտի առաջին փուլը։ Այդ մարտական կարգերով երկու կողմերն էլ միաժամանակ մոտենում են միմյանց։ Մարտի սկզբում Մուշեղ սպարապետը ներկայանում է Պապ թագավորին և լրացուցիչ ցուցումներ ստանալուց հետո վերադառնում։ Պապն ինքն է ցանկանում մարտը ղեկավարել, սակայն հռոմեական զորավար Տերենտիոսը թույլ չի տալիս, պատճառաբանելով, որ նրա համար ինքը Վաղես կայսեր առաջ պատասխանատու է կյանքով։ Այդ բոլորից հետո Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը բարձրանում են մոտիկ Նպատ լեռը (Ծաղկանց լեռների հյուսիսային զառիվայրում, Դիադինից արևմուտք) և այնտեղից, ինչպես դիտարանից, հետևում են մարտի ընթացքին։
Ճակատամարտն սկսում են պարսից զորքերը։ Մարտը շարունակվում է վաղ առավոտից մինչև ուշ երեկո։ Այդ մարտի ծանրությունը գլխավորապես ընկնում է հայոց զորքերի վրա, որովհետև հռոմեական զորքերը, ըստ Վաղես կայսեր հրամանի, հարձակողական մարտեր չեն վարում, որպեսզի չխախտեն 363 թ. կնքված խաղաղության պայմանագիրը։ Բայց վերջ ի վերջո, ծայրահեղ անհրաժեշտության հասած հռոմեական զորքերը մարտի են բռնվում։ Հայոց և հռոմեական զորքերի միատեղ գործողություններն ապահովում են ճակատամարտի հաջողությունը։ Պարսիկները, ծանր պարտություն կրելով, փախուստի են դիմում։
Ճակատամարտի երկրորդ փուլը։ Սկսվում է փախչող պարսիկների հետպնդումը։ Այն շարունակվում է մինչև Հայաստանի սահմանը` մինչև Ատրպատականի Գանձակ քաղաքը։ Այդ մարտում բռնվում է հայրենիքի դավաճան Մեհրուժան Արծրունին։ Նրա կյանքին վերջ է տալիս թագադիր ասպետ Սմբատ Բագրատունին։
Ձիրավի ճակատամարտում (371 թ.) Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո կնքվում է խաղաղության պայմանագիր։ Այնուհետև Հայաստանը հնարավորություն է ստանում զբաղվելու խաղաղ աշխատանքով։
Աղբյուր՝ Սարգիս Սարգսյան «Հայ ռազմական արվեստի պատմություն» «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969 թ.
No comments:
Post a Comment