10/10/2012

Սվաստիկա խորհրդանիշի հնագույն ակունքներում

Անժելա Տերյան

Արարիչ Ար Աստծո, Արև-Աստծո, Արևի տարածված 
խորհրդանիշեր են սվաստիկան ու խաչը: Սվաստիկան իր 
հիմքով նման է խաչի, սակայն թևերի չորս ծայրերը ուղիղ անկյունով թեքվում են աջ կամ ձախ՝ խորհրդանշելով աշխարհի չորս կողմերը տարածվող լույսը, արևը, անսահմանությունը ու հավերժությունը: Կենտրոնում ունենալով Մայր Երկիրը, այն նաև անընդհատ շարժման տպավորություն է թողնում, խորհրդանշելով արևի շարժումը: Բացի սվաստիկայի դասական այս ձևից, որը շատ պարզ է ու գեղեցիկ, գոյություն ունեն նաև եռաթև, բազմաթև, կորածայր, միոլոր, բազմոլոր և այլ ձևի սվաստիկաներ:

Սվաստիկան տարբեր ժողովուրդների մոտ տարբեր անվանումներ է ունեցել, սակայն 19-րդ դարի վերջերից տարածվում է սանսկրիտ սվաստիկա անվանումը: Հայաստանում տարածված են արևխաչ, կեռխաչ, ճանկախաչ, խաչաթև, արմնկաձև խաչ, հավերժության նշան և այլ անվանումներ: «Սասնա ծռեր» դյուցազնավեպից հայտնի «Խաչ Պատերազմին», որն իրենց աջ բազկին կապում էին Սասնա դյուցազունները թշնամու դեմ մարտի գնալուց առաջ, անկասկած սվաստիկա էր, քանի որ հենց սվաստիկան է եղել հայ ռազմիկների սիրված ու տարածված խորհրդանիշերից մեկը՝ ըստ հայտնաբերված հնագիտական նյութերի:

Հայաստանում հանդիպում են և՝ աջ թեքումով, և՝ ձախ թեքումով սվաստիկաներ, որոնք մեծ քանակությամբ պատկերված են Գեղամա և Սյունյաց լեռներին (ժայռապատկերներ), պեղումների ժամանակ հայտնաբերված զենք-զրահին, զարդերին, պաշտամունքային ու կենցաղային իրերին:

Սվաստիկայի նկատմամբ միշտ մեծ հետաքրքրություն է եղել աշխարհում: Բազմաթիվ գիտնականներ և ուսումնասիրողներ (Յ. դը Մորգան, Մուրիե, Լիտտրե, Դիվմուրտիե, Մ. Մյուլլեր) զբաղվել են սվաստիկայի առեղծվածով: Նրանք փորձել են պատասխանել բազմաթիվ հարցերի, այդ թվում. ի՞նչ է նշանակում սվաստիկայի աջ թեքումը, ի՞նչ է նշանակում ձախ թեքումը, ի՞նչ է նշանակում սվաստիկա բառը, ինչպե՞ս կարելի է այն բացատրել, ի՞նչ է խորհրդանշում այն և այլն:

Տարածված կարծիքներից մեկի համաձայն՝ սվաստիկայի (նաև խաչի) հիմքի հորիզոնական գիծը նյութական աշխարհն է, իսկ ուղղահայացը՝ ոգեղեն, տիեզերական աշխարհը: Այս պատկերում խաչաձևվում են նյութն ու ոգին: Սվաստիկայի աջ թեքված չորս ծայրերը՝ ըստ ջայնիզմի հետևորդ հնդիկ մի վարդապետի, նյութական տիեզերքում հոգիների գոյության չորս աստիճաններն են ներկայացնում. ա) նախասկզբնական, ստորին շրջան, բ) երկրային կյանք, բուսական և կենդանական աշխարհ, գ) մարդկային վիճակ և դ) երկնային կյանք: Այս բոլոր աստիճանավորումները նյութի ու ոգու միակցումներն են տարբեր վիճակներում:


Տարածված է այն տեսակետը, որ աջ թեքվող սվաստիկան կյանքի ու հավերժության խորհրդանիշն է, իսկ ձախ թեքվողը՝ մահվան խորհրդանիշը: Այլ տեսակետի համաձայն՝ աջ թեքվող սվաստիկան արական իմաստ ունի, իսկ ձախ թեքվողը՝ իգական: Այս տեսակետը համապատասխանում է տիեզերքում և բնության մեջ գործող արական-իգական, դրական-բացասական (ին, յան) և այլ նմանատիպ հակադրությունների պայքարի ու միասնության հասկացողությանը: Այս առումով հետաքրքիր է Ակներից հայտնաբերված դաշույնի պատյանը (մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկիզբ): Իմաստային առումով պատյանը բաժանվում է երեք մասի: Ամենավերևում Արև-Աստվածն է, միջին մասում Մայր-Աստվածուհուն հիշեցնող պատկեր է, որն իր բացված թևերի տակ է առել հակառակ (աջ, ձախ) պտտվող երկու սվաստիկաներ: Ստորին մասում կլոր շրջանակ է, որի մեջ հավասարաթև խաչ է պատկերված: Այն երկրագունդը՝ Մայր Երկիրն է հիշեցնում:

Տարածված տեսակետ գոյություն ունի սվաստիկա բառի բացատրության վերաբերյալ: Ընդունված է, որ svastika –ն կազմված է su «լավ, բարի» և asti «լավ լինել» բաղադրիչներից, որը բարեկեցություն, երջանիկ վիճակ իմաստներն ունի (ka-ն մասնիկ է): Սվաստիկայի առեղծվածով զբաղվող գիտնականները համակարծիք են մեկ հարցում՝ սվաստիկան արևապաշտ արիական ցեղի խորհրդանիշն է և տարածվել է այդ ցեղի հետ միասին:

20-րդ դարի երկրորդ կեսին առաջ քաշվեցին նոր տեսակետներ հնդեվրոպացիների նախնիների՝ արիական ցեղերի նախահայրենիքի, նրանց կողմից ստեղծված քաղաքակրթության, մշակույթի և այլ հարցերի մասին: Վերանայվեցին ու նորովի մեկնաբանվեցին շատ տեսակետներ: Փորձենք նորովի մեկնաբանել նաև սվաստիկա բառի իմաստը: Դիմենք արիական ցեղերի հնագույն գրավոր աղբյուրներին՝ հնդկական վեդաներին և իրանական «Ավեստային»: Հին հնդկական վեդայական գրականության մեջ (սանսկրիտ) հանդիպում են svar, suar բառերը «արև, լույս, փայլ, ցոլք»իմաստներով (հմմ. ռուսերեն свет- «լույս» բառը): «Ավեստայում» հանդիպում է hvar բառը «արև, արևի լույս» իմաստով:

Հնդեվրոպական «աստ, ազդ» բառարմատները «ուժ, զորություն» իմաստն ունեն (հմմ. հայերեն աստիած, աստված բառը), իսկ ուժ, զորություն աստվածներն ունեն: Նկատում ենք, որ սվաստիկա բառը բաղկացած է svar, suar–արև, լույս, փայլուն և asti–աստիած բաղադրիչներից: Հետևաբար սվաստիկան արևի, լույսի աստված իմաստն ունի (կա-ն մասնիկ է) և կապված է Արև-Աստծո ու նրա պաշտամունքի հետ: Այս տեսակետը լիովին ապացուցվում է Հայկական լեռնաշխարհում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված նյութական մշակույթի բազմաթիվ գտածոներով: Սվաստիկայի բազմաթիվ պատկերներ կան հատկապես Գեղամա ժայռապատկերներում: Իմաստային առումով հետաքրքիր է Գեղամա ժայռապատկերներից մեկը, որտեղ Արև-Աստվածը խորհրդանշող պարույրից ծնվում են երկու սվաստիկաներ՝ երկվորյակներ, որոնցից մեկը աջ թեքմամբ դասական սվաստիկա է, մյուսը՝ ձախ թեքմամբ աղավաղված սվաստիկա (երկվություն, նաև հակադրություն ու միասնություն): Սվաստիկայի նախատիպը հիշեցնող պատկերներ կան Սյունյաց ժայռապատկերներին, ուր պատկերված են մեկ ձեռքը վեր բարձրացրած, մյուսը՝ ցած իջեցրած մարդկային կերպարներ (դարձյալ երկվություն, միասնություն և հակադրություն):

Գեղամա և Սյունյաց լեռների ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7-3-րդ հազարամյակներով:

19-րդ դարի վերջերին Հայկական լեռնաշխարհում կատարվում են հնագիտական պեղումներ (Ռեսլեր, Ն. Մառ, Յ. դը Մորգան, Է. Շանտր, Խ. Սամվելյան), որոնց արդյունքում հայտնաբերվում են բազմաթիվ իրեր՝ սվաստիկայի (նաև խաչի) պատկերով: Հնագիտական նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սվաստիկան սիրված խորհրդանիշ է եղել հատկապես հայ ռազմիկների համար, քանի որ այն մեծ քանակությամբ պատկերված է հայ առաջնորդների և ռազմիկների պեղված դամբարաններում (Լոռի բերդ, Շիրակ, Իջևան) հայտնաբերված զենք-զրահին ու հանդերձանքին: Դրանք դաշույններ են, սրեր, սրի պատյաններ, ճակատակալներ, կրծքին ամրացվող ճարմանդներ, վահանակ-սկավառակներ, կոճակներ, մարտական սակրեր, գոտիներ, զրահի բեկորներ և այլն: Իբրև ռազմի աստծո խորհրդանիշ (Արև-Աստվածը որպես հզոր աստված նաև ռազմի աստվածն էր) սվաստիկան (նաև խաչը) պետք է ուժ, զորություն տար կրողին, նաև պաշտպաներ նրան չարից ու թշնամու հարվածներից: Հանդիպում են նաև խաչի ու սվաստիկայի միացյալ պատկերներով իրերի, որոնք կոմպոզիցիոն պատկերներ են:

Սվաստիկան բազմապիսի ձևերով ու մեծ քանակությամբ պատկերված է նաև խեցեղենի, զարդերի, աղորիքների ու կենցաղային այլ իրերի վրա, որոնք պաշտպանիչ, նաև պաշտամունքային նշանակություն են ունեցել: Սվաստիկայի պատկերով հնագույն խեցանոթ է հայտնաբերվել Շենգավիթում (մ.թ.ա. 4-րդ հազարամյակ), որը դարձյալ կոմպոզիցիոն պատկեր է: Խեցանոթի՝ (քրեղան) կենտրոնում եռաթև խաչ է՝ առնված կլոր շրջանակի մեջ, որից դուրս պատկերված է թռչունների և օձերի մենամարտ, իսկ դրանց միջև՝ երկու փոքր լուսատու շրջանակներ և սվաստիկա:

Խեցեղենի մեջ հանդիպում են այնպիսի նմուշներ, որոնց վրա սվաստիկան պատկերված է հատակին, արտաքին մասում: Հանդիպում են նաև երկճյուղ ու եռաճյուղ թեքումներով սվաստիկաներ: Այդպիսի խեցանոթներ հայտնաբերվել են Արթիկում, Քարաշամբում, Վանաձորում և այլն: Սվաստիկայի պատկերով մեծ քանակությամբ զարդեր են հայտնաբերվել Վանաձորում (Թագավորանիստ), Լոռի բերդում, Իջևանում, Արթիկում, Շամխորում (Գարդման) և այլ վայրերում կատարված պեղումների ժամանակ: Դրանք բրոնզե ու ծարիրե կախազարդեր են, ուլունքներ, կոճակներ և այլն: Հայկական լեռնաշխարհից հարավ, Հյուսիսային Միջագետքում՝ Սամարրայում ևս հայտնաբերվել են սվաստիկայի պատկերներ (մ.թ.ա. 5-րդ հազարամյակ, Հասունյան մշակույթ), որոնք պատկերված են խեցե ափսեների վրա և ստացվել են երկրաչափական պատկերների՝ եռանկյունիների, քառանկյունիների և վազող կենդանիների համադրությամբ: Շատ հետաքրքիր է այդ ափսեներից մեկը, որի վրա պատկերված է Մայր Երկիրը: Կենտրոնում սվաստիկայի պատկերով արարչագործության երկիրն է՝ Հայկական լեռնաշխարհը, շրջապատված լեռներով: Լեռներից սկիզբ են առնում չորս գետեր (ինչպես Աստվածաշնչում): Մայր Երկիրը շրջապատված է Համաշխարհային օվկիանոսի ջրերով: Այս պատկերը իմաստային առումով նման է Շամխորից հայտնաբերված ծարիրե կախիկին (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ), ուր կենտրոնում դարձյալ սվաստիկայի պատկերով արարչագործության երկիրն է՝ շրջապատված լեռներով, դրանցից սկիզբ առնող գետերով ու Համաշխարհային օվկիանոսի ջրերով: Ինչպես տեսնում ենք, արարչագործության երկիրը պատկերվում է սվաստիկայի պատկերով՝ Արարչի (Ար Աստված) խորհրդանշանով: Այսպես էին մեր նախնիները պատկերում Մայր Երկրի այն մասը (տարածքը), ուր նրանք արարվել ու բնակվում էին:

Տիեզերական խորհուրդ ունի նաև Մեծամորի քարե կուռքի աջ ականջին պատկերված սվաստիկան՝ առնված շրջանակի մեջ: Սվաստիկայից ներքև երկու շրջանակներ են և էլ ավելի փոքր օղակ, որը արբանյակ է հիշեցնում: Հայտնաբերվել են նաև սվաստիկայի պատկերով կնիքադրոշմներ և այլ իրեր, որոնք վկայում են սվաստիկայի պատկերով իրերի լայնորեն օգտագործման և գործածության մասին:

Սվաստիկայի պատկերով գտածոներ են հայտնաբերվել նաև Հնդկաստանում, Իրանում, Հունաստանում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2-րդ–1-ին հազարամյակներով: Այս գտածոները ևս վերագրվում են արիական ցեղերին, որոնք դուրս գալով նախահայրենիքից, հայտնվել էին այդ և այլ տարածքներում:

301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո, հայ վարպետները շարունակել են սվաստիկան օգտագործել որպես խորհրդանիշ և զարդանախշ՝ պատկերելով այն Անիի պարիսպներին, Դվինի եկեղեցիներին, խաչքարերին, միջնադարյան ձեռագիր մատյաններին, նաև խեցեղենի, գորգերի, կարպետների, հագուստների վրա և այլն: Հետաքրքիր է, որ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին Երևանի մի շարք տների մուտքերի առջև պատկերված են եղել սպիտակ և սև քարերից սվաստիկաներ /Ե. Լալայան, Դամբարանների պեղումներ Խորհրդային Հայաստանում, Եր., 1931, էջ 219/:

Ինչպես տեսնում ենք, սվաստիկան Հայաստանում պատկերվել է հազարամյակներ շարունակ և հանդիպում է բազմապիսի ձևերով, ինչը չենք հանդիպում այլ երկրներում հայտնաբերված նմուշներում: Հետևաբար, վստահորեն կարող ենք ասել, որ սվաստիկան իբրև Արարչի, Արևի,Լույսի, Բարու ու Հավերժության խորհրդանիշ ստեղծվել է արիական ցեղի բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում և, իբրև ընդունված ու հայտնի խորհրդանիշ, հազարամյակներ շարունակ մշակութային արժեքների վրա պատկերվել ու պահպանվել է արիական ցեղի անմիջական ժառանգների՝ հայ-արմենների կողմից:

1930-ական թվականներին Գերմանիայում իշխանության գլուխ անցան ֆաշիստները: Նրանք իրենց հայտարարեցին արիական ցեղի ժառանգներ և ֆաշիստական Գերմանիայի խորհրդանիշ դարձրին սվաստիկան (ձախ թեքմամբ): Արևի, Լույսի ու Բարու խորհրդանիշը դարձավ չարի և դժբախտության խորհրդանիշ:

Գերմանիան պարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմում: Սակայն մարդկությունը այսօր էլ անվստահությամբ ու անբարյացակամությամբ է նայում սվաստիկային: Սվաստիկան շարունակում է մնալ ֆաշիստների կողմից առաջ քաշված ոչ մարդասիրական գաղափարների խորհրդանիշ: Մինչդեռ Արևի ու Լույսի խորհրդանիշ սվաստիկան կապ չունի մի խումբ մարդկանց կողմից իրականացված հանցագործությունների հետ: Սվաստիկան պետք է մաքրվի և աշխարհի ու մարդկանց կողմից նորից ընկալվի այնպես, ինչպես մեր արևապաշտ նախնիները՝ հայ-արմեններն են այն ընկալել, ընդունել ու պահպանել հազարամյակներ շարունակ: Սվաստիկան Արարչի, Արևի,Լույսի, Բարու և Հավերժության խորհրդանիշն է:

1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete