Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև սկսվում է Հայաստանը նվաճելու երկարատև պատերազմը, որը շարունակվում է 338—368 թթ.։ 338 թ. Հայաստանում գահակալում է Շապուհի որդի Ներսեհը, որին հայերը գահընկեց են անում և գահ բարձրացնում Խոսրով Կոդակի որդի Տիրանին (339—350 թթ.):
Շապուհ II-ը բռնի կերպով նորից Հայաստանի գահն է բարձրացնում Ներսեհին։ Հայ ժողովուրդն ապստամբում է և դիմում հռոմեացիների օգնությանը։
345 թ. գարնանը Շապուհ II-ը մեծաքանակ զորքով անցնում է Տիգրիս գետը և բանակ է գնում Հիլեյայի Սինգարա քաղաքի մոտ։ Այստեղ էլ տեղի է ունենում ճակատամարտը, որը կարելի է բաժանել երկու փուլի։
Առաջին փուլ։ Հայոց ծանր վահանավոր խիզախ հեծելազորը սկսում է մարտը։ Սկզբում հռոմեական և հայկական զորքերը նեղում են պարսից զորքերին։ Բայց պարսիկները, անցնելով գիշերային հարձակողական գործողությունների, պարտության են մատնում հռոմեական և հայկական զորքերին, որոնք ստիպված են լինում դադարեցնել իրենց մարտական գործողությունները՝ զորքում կարգը վերականգնելու նպատակով1։
Երկրորդ փուլ: Վերականգնելով իրենց մարտական կարգերը, հռոմեական և հայկական զորքերը նորից նույն տեղում սկսում են իրենց մարտական գործողությունները։ Այս անգամ Շապուհ II-ի զորքերը կրում են ծանր պարտություն, գերի է վերցվում ամբողջ կանանոցը և Շապուհի որդի Ներսեհը։ Շապուհ II-ը ազատվում է փախուստի դիմելով։ Չդիմանալով այդ խայտառակությանը, Շապուհը դիմում է հռոմեական Կոստանդիոս կայսրին՝ խնդրելով խաղաղություն կնքել։ Պարսկաստանի համար մյուս անբարենպաստ պայմանների հետ միասին Շապուհ II-ը համաձայնվում է Հայաստանի թագավորական գահը տալ Տիրանի որդի Արշակին (350—367)։
No comments:
Post a Comment