10/05/2012

Քաղաքակիրթ առուծախ


Վիկտորյա Այդինյան

Գաղտնիք չէ, որ վաղնջական ժամանակներից ի վեր, երբ դեռ չէր առաջացել ժամանակակից մարդը, երբ անընդհատ պայքար էր ընթանում ոչ թե կուսակցությունների, այլ դինոզավրերի միջև, հայերը հռչակված էին որպես նմանը չունեցող առևտրականներ: Հայտնի է նաև, որ էվոլյուցիոն գործընթացները ի զորու են ազդելու բնական բոլոր երևույթների զարգացման վրա, բայց բնության օրենքները մեր պարագայում չեն գործում. հայը մինչ օրս լավ առևտրական է և ոչ ավելին. բուրժուազիա երբեք չձևավորվեց հայկական միջավայրում, չունեցանք առևտրականների կրթված սերունդ, ու առուծախը երբեք չդարձավ քաղաքակիրթ առևտուր: Բայց ահա այս օրերին շրջանառվում են զարմանալի լուրեր, թե օրենքի սահմաններում  գործարքներ են իրականանում <<ՀՀ կառավարությանն առնընթեր պետական գույքի կառավարման վարչություն>> կոչվող կոմերցիոն հիմնարկի միջնորդությամբ: Խոսքը, բնականաբար, ԱԳՆ շենքի մասին է, որը, տարօրինակ է, բայց դեռ չէր ծախվել: Բայց քանի որ պետք չէր որևէ մեկին նեղացնել, իր հերթն էլ եկավ: Թվում է, թե պետական գույքի նման օտարումը ոչ միայն անօրինական չէ, այլև մինչև անգամ շահավետ, քանի որ մի ապրանքի դիմաց կարծես թե երկուսն ենք ստանում: Բայց մեր հարգարժան առևտրականները չեն ուզում ընդունել, որ պետական գույքի օտարումով օտարում են նաև Երևանի քաղաքացուն իր իսկ քաղաքից: Վերջին տարիներին ընթացող շինարարական բուռն աշխատանքները, քաղաքի մոդեռնացումը, ժամանցի անթիվ կենտրոնների բացումը նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, նոր հնարավորություններ են ընձեռում բնակիչներիս, բայց արդյո՞ք դրանք նպաստում են կյանքի որակի բարձրացմանը, ավելի զարգացած և գիտակից լինելուն: Դրական արդյունքը բացառվում է, երբ նորի ստեղծումը ուղեկցվում է հնի ոչնչացմամբ: Երևանը վերածվել է էլիտար անապատի, աղավաղված է քաղաքի երբեմնի գեղեցիկ ճարտարապետությունը, իսկ հիմա էլ արդեն հերթը հասնում է թամանյանական կառույցների ոչնչացմանը: Նախարարության արդեն նախկին շենքում բարձրակարգ հյուրանոց են կառուցելու, մինչդեռ քաղաքի կենտրոնում հյուրանոցները քիչ չեն: Մի հարց էլ է առաջանում. հյուրանոց, բայց ու՞մ համար: Հայը իր տունը թողած հյուր չի գնա ու օթևան խնդրի` ծախսելով աստղաբաշխական թվեր, իսկ սիրելի պարսիկների, <<Ամերիգայեն եգածների>> ու  մնացածների համար եղածն էլ քիչ չէ, չնայած մեր ծայրահեղ լեգիտիմ կառավարությունը համակարծիք չէ:
Հերթը կառավարության շենքին էլ կհասնի, հետո էլ ԱԺ-ի շենքին... Մինչդեռ մեր` քաղաքագետներիս երազանքն էր գործել այն շենքերում, որոնք ունեն պատմություն, ավանդույթներ, մեծ ու թեկուզ փոքր մարդկանց հետքեր, բայց դե պիտի փոխենք մասնագիտական կողմնորոշումներս, որովհետև մեր երազանքը իրականացնել դժվար թե հաջողվի:

No comments:

Post a Comment