10/16/2012

Քվեարկենք Հենրիխ Մխիթարյանի օգտին





Տարվա ամենահայտնի ֆուտբոլիստին պարզելու նպատակով, ինչպես հայտնի է, Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFH) երեկվանից իր կայքում  է անցկացնում:http://www.iffhs.de/?b002ec70a804f4cd003f09 Կոչմանն արժանանալու համար պայքարում են 78 ֆուտբոլիստներ. թեկնածուների թվում է նաև Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:
Եվրոպայի ամենահայտնի ֆուտբոլիստին ֆուտբոլասերները կորոշեն մինչև նոյեմբերի 30-ը:
Սոցիալական կայքերում օգտատերերը ոչ միայն ակտիվ գրառումներ են կատարում՝ տեղեկացնելով, որ արդեն քվեարկել են, այլև յուրաքանչյուրն իր հերթին կոչ է անում մասնակցել ու քվեարկել Հենրիխի օգտին. մեր ֆուտբոլիստն արժանի է այդ կոչմանը, որն, անշուշտ, կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար:


Աղբյուր՝ mamul.am

Երևանի բոլոր քաղաքապետերը




Երևանը 2793 տարեկան է:
Մեր քաղաքացիներից շատերը գերազանց ծանոթ են իրենց մայրաքաղաքի պատմությանը:
Իսկ թե ովքեր են կերտել մեր մայրաքաղաքի պատմությունը և ում շնորհիվ է Երևանը դարձել այսպիսին, ներկայացնում ենք ստորև.
Մեր մայրաքաղաքն ունեցել է 53 քաղաքապետ. ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը 54-րդն է: Առաջին քաղաքապետը Հովհաննես Ղորղանյանն է, ով պաշտոնավարել է 1879-1884թթ: Ստորև ներկայացնում ենք Երևանի բոլոր նախկին քաղաքապետերի լուսանկարներն ու համառոտ կենսագրական տվյալները:
Աղբյուր` slaq.am


Սնդուսափայլ արժեհամակարգ

Հայկ Ավետյան

Glamour բառը սկիզբ է առել Ֆրանսիայից, ձևավորվել է միջին դարերում grammaire բառի հիմքի վրա, վեջինս նշանակում է քերականություն: 19-րդ դարում Glamour  բառը լեզվական փոփոխություններ կրելով ստացել է այլ հնչերանգ և նշանակել է հմայք, շքեղություն: Այժմ այն ասոցացվում է տարատեսակ բռենդերի, սնդուսափայլ ամսագրերի շապիկներին հայտնվող աղջիկների հետ:
Իրապես Glamourացված անձը պետք է իմանա հայտնի բռենդերի պատմությունը, հետևի նորաձևությանը, հագնվի այդ նորաձևության վերջին ճիչով, և, ամենակարևորը, ունենա ներքին հմայք ու ճաշակ, այլապես կստեղծվի ձևի և բովանդակության անհամապատասխանություն:
Glamour-ը Հայաստան է ներխուժել վերջին տասը տարում, բայց ինչպես յուրաքանչյուր նորություն, այս մեկն էլ, ինտեգրվելով հայկական իրականություն, հարմարվեց վերջինիս <<մութ ու ցուրտ>> պայմաններին, և ներկայումս որևէ կապ չունի իրական Glamour-ի հետ, հեևաբար իրենց Glamour համարող անիրական անձանց պայմանականորեն կանվանենք <<սուտի Glamour>>:  <<Սուտի Glamour-ը>> պետք է արհեստական հաստ շրթունքներով օրը առնվազն երեք անգամ Iphoneով նկարվի և ներբեռնի համացանց, <<Սուտի Glamour-ի>> բառապաշարում տասից հինգ բառերը պետք է լինեն անգլերեն, <<Սուտի Glamour-ը>> պետք է բռենդային հագուստ կրի, բայց անպայման թուրքական, և, վերջապես ամեն ամառ պետք է հանգստանա թուրքական լավագույն հանգստավայրերում` այդպիսով հարստացնելով մեր ոխերիմ թշնամուն, որպեսզի վերջինս մտնելով Եվրամիոթյուն կանխի Արեվմտահայաստանի հայաստանամետ հանգուցալուծումը, կամ այդ փողերը տա եղբայր ադրբեջանցիներին որ այդ փողով կացին գնի և կտրի հայ զինվորի գլուխը:

Արձանագրեմ նաև <<Սուտի Glamour-ի>> ձևավորման իրական պատճառները: Մարդը, որն ունի լիքը փող, չունի ոչնչի խնդիր, չունի ոչնչի կարիք, չունի ոչ մի ձգտում, սկսում է ինքնահաստատվելու նպատակող փնտրել իրեն ինչ-որ մի տեղ: Նա սկսում է օգտվել տարբեր Boutique-ներից, բայց, իհարկե, կատարում է անճաշակ ընտրություն, որովհետև չունի վերոգրյալ ներքին մշակույթը: Չմոռանամ նաև <<սրանց>> պատկերացումը հայրենիքի մասին: Աստված չանի մոտները խոսես հայրենասիրությունից,  պատմությունից և ազգային պատկանելությունից, անմիջապես քեզ կդնեն  կյանքի ճշտերից չհասկացող այլմոլորակայինի տեղ: Հետաքրքիր է, որ բոլորն իրենց պես մտածեն, և մի որ մեր նորաթուխ անկախության վերջը գա, օտար երկրների Boutique-ներից իրենց отвратительный անգլերենով ոնց են Glamour գնումներ կատարելու:
ԵՎ վերջում, եթե ինչ որ մեկն, այնուամենայնիվ, չհասկացավ` խոսքն ինչի մասնի է, ապա ակնդրեք և ունկընդրեք` http://www.youtube.com/watch?v=GtXBRQaD42Q


Բագավանի կամ Ձիրավի 371 թ. գարնան ճակատամարտը


371 թ. ձմռանը Շաւպուհ II-ը նախապատրաստվում է նոր հարձակման։ Համալրելով մեծաքանակ զորք և զինելով նրանց՝ Շապուհը մեծ բանակով գալիիս է Ատրպատականի Թավրիզ քաղաքը։ Ինքը փոքրաքանակ զորքով մնում է Թավրիզում, իսկ զորքերի գլխավոր ուժերն ուղարկում է Պապ թագավորի դեմ։ Պարսկական զորքերը գրավում են Հայաստանի կենտրոնական նախարարությունները, դրանց թվում` Արարատյան դաշտը։
Ճակատամարտի նախապատրաստական փուլը։ Պապ թագավորի կարգադրությամբ, հայոց զորքերը քաշվում, կենտրոնանում են Բագավանում, Նպատ լեռան հյուսիսային զառիվայրերի վրա։ Այստեղ են գալիս և հռոմեական զորքերը։ Շարժվելով հայոց զորքերի հետքերով՝ Շապուհն իր ամբողջ բանակով հասնում է Բագավան և բանակ դնում հայկական ու հռոմեական զորքերի դեմ՝ Ձիրավի դաշտավայրում։
Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը, միացնելով հայկական և հռոմեական զորքերը, որոնց թիվը հասնում էր շուրջ իննսուն հազարի, կառուցում է մարտական կարգեր, ըստ որի` աջ թևում դասավորում է հայոց զորքերը, իսկ ձախ թևում` հռոմեական։ Շապուհը նույնպես դասավորում է իր զորքերի մարտական կարգերը։Ճակատամարտի առաջին փուլը։ Այդ մարտական կարգերով երկու կողմերն էլ միաժամանակ մոտենում են միմյանց։ Մարտի սկզբում Մուշեղ սպարապետը ներկայանում է Պապ թագավորին և լրացուցիչ ցուցումներ ստանալուց հետո վերադառնում։ Պապն ինքն է ցանկանում մարտը ղեկավարել, սակայն հռոմեական զորավար Տերենտիոսը թույլ չի տալիս, պատճառաբանելով, որ նրա համար ինքը Վաղես կայսեր առաջ պատասխանատու է կյանքով։ Այդ բոլորից հետո Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը բարձրանում են մոտիկ Նպատ լեռը (Ծաղկանց լեռների հյուսիսային զառիվայրում, Դիադինից արևմուտք) և այնտեղից, ինչպես դիտարանից, հետևում են մարտի ընթացքին։
Ճակատամարտն սկսում են պարսից զորքերը։ Մարտը շարունակվում է վաղ առավոտից մինչև ուշ երեկո։ Այդ մարտի ծանրությունը գլխավորապես ընկնում է հայոց զորքերի վրա, որովհետև հռոմեական զորքերը, ըստ Վաղես կայսեր հրամանի, հարձակողական մարտեր չեն վարում, որպեսզի չխախտեն 363 թ. կնքված խաղաղության պայմանագիրը։ Բայց վերջ ի վերջո, ծայրահեղ անհրաժեշտության հասած հռոմեական զորքերը մարտի են բռնվում։ Հայոց և հռոմեական զորքերի միատեղ գործողություններն ապահովում են ճակատամարտի հաջողությունը։ Պարսիկները, ծանր պարտություն կրելով, փախուստի են դիմում։
Ճակատամարտի երկրորդ փուլը։ Սկսվում է փախչող պարսիկների հետպնդումը։ Այն շարունակվում է մինչև Հայաստանի սահմանը` մինչև Ատրպատականի Գանձակ քաղաքը։ Այդ մարտում բռնվում է հայրենիքի դավաճան Մեհրուժան Արծրունին։ Նրա կյանքին վերջ է տալիս թագադիր ասպետ Սմբատ Բագրատունին։
Ձիրավի ճակատամարտում (371 թ.) Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո կնքվում է խաղաղության պայմանագիր։ Այնուհետև Հայաստանը հնարավորություն է ստանում զբաղվելու խաղաղ աշխատանքով։

Աղբյուր՝ Սարգիս Սարգսյան «Հայ ռազմական արվեստի պատմություն»   «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969 թ.

10/10/2012

Հայկական բանակը հայ զինծառայողի աչքերով


Հայ զինվոր
Վերջերս իմ ծառայակից ընկերներից մեկի (ով դեռ ժամկետային զինծառայության մեջ Է) հետ զրույցից հետո որոշեցի գրել այս հոդվածը՝ անդրադառնալով հայկական բանակում տիրող իրավիճակին: Ես ինքս ծառայել եմ   ԼՂՀ-ում՝ N պաշտպանական շրջանում:  Ծառայության հենց սկզբից ինձ մոտ վերացան այն պատկերացումները, որ ունեի հայկական բանակի մասին մինչև ծառայելս: Այնտեղ ևս գործում էր այսպես կոչված «հայկական տարբերակը» ովքեր ծանոթներ ունեին այդ զորամասում և նրանք ում համար զանգել էին «դրսից» ծառայությունը շատ թեթև էր անցնում, իսկ մյուսները, ովքեր ոչ ծանոթ ունեին ոչ էլ հնարավորություն, որ որևէ մեկը զանգի դրսից, նրանց համար ծառայությունը սովորական էր և հաճախ «սովորական ծառայողները» կատարում էին նաև «ընտրյալների» պարտականությունները: Կային նաև ծառայողներ,  ովքեր կարողանում էին խուսափել «ընտրյալների» փոխարեն գործ անելուց: Այդ ամենը դեռ ուսումնական գումարտակում էր, որտեղ վեց ամիս պատրաստություն անցնելուց հետո ծառայությունը շարունակում էին սահմանապահ գումարտակներում: Ահա այստեղ ամեն ինչ արդեն այլ էր, այստեղ արդեն կային վաղուց հաստատվածներ, ովքեր արդեն իրենց դրվածք ունեին գումարտակում և տնօրինություն էին անում այստեղ: Այստեղ էլ հետաքրքիր այն էր, որ զորամասում գտնվելու ժամանակ յուրաքանչյուրն իր տեղն էր գրավում գումարտակի աստիճանաբուրգում և այդ տեղով էլ պայմանավորված էր ծառայության ընթացքը: Պատկերը լրիվ այլ էր պոստերում այնտեղ տիրում էր հավասարություն, այնտեղ որևէ աստիճանավորում չկար և ամեն ինչ  շատ լավ էր անցնում: Այնտեղ գտնվող 7 զինծառայողները կարծես մի ընտանիքի նմանվեին, իսկ հենակետերում, որտեղ դժբախտ դեպքեր էին տեղի ունենում պատճառը հիմնականում վերոհիշյալ աստիճանավորումն էր: Այդ համերաշխ ընտանիքից ոչինչ չէր մնում, երբ պոստերից վեռդառնում էին զորամաս, այստեղ արդեն յուրաքանչյուրը վերադառնում է իր գործին: Ուղղակի հետաքրքիր է  հնարավոր չի արդյոք նույն ձևով ծառայությունը կազմակերպել զորամասում: Հնարավոր է, ուղղակի անհրաժեշտ այդ ուղղությամբ տանել համապատասխան աշխատանք: Ճիշտ է,  պոստերում շատ բան պայմանավորված է նրանով, որ բոլորի մոտ զենք կա, բաjց միևնույն է մեր սպաները, եթե անցնեն համապատասխան պատրաստություն: Բացի այդ մեր սպաներից շատերն էլ ոչ կանոնդրական հրամաններ էին տալիս այն զինվորներին, ովքեր իրենց դուր չէին գալիս և հաճույք ստանում այդ ամենից: Նրանցով պետք է զբաղվի ՌՈ-ն, սակայն այս կառույցը ևս իր բարձրության վրա չէ, նրանք հիմնականում ուշացած են տեղ հասնում, երբ  ամեն ինչ ավարտված է: Այդ ամենի հետ մեկ տեղ պետք է նշել մի շարք դրական կողմեր նախ զորամասի տարածքը, զորանոցները միշտ մաքուր էին, սնունդը նորմալ էր, բացի այդ մի քանի տարի է արդեն, ինչ լուծվել է զուգարանները մաքրելու խնդիրը, ստեղծվել է քաղաքացիական հաստիք և համապատասխան աշխատողները զբաղվում են այդ գործով: Ես այսպիսին եմ տեսել հայկական բանակը իմ ծառայության ընթացքում և ցանկանում եմ, որ այն դրականը ինչ որ եղել է մնա,իսկ բացասական կողմերը վերացվեն,  որպեսզի հայ տղաները չխուսափեն բանակից այլ սեփական ցանկությամբ գնան հայրենիքին իրենց պարտքը տալու:

Սվաստիկա խորհրդանիշի հնագույն ակունքներում

Անժելա Տերյան

Արարիչ Ար Աստծո, Արև-Աստծո, Արևի տարածված 
խորհրդանիշեր են սվաստիկան ու խաչը: Սվաստիկան իր 
հիմքով նման է խաչի, սակայն թևերի չորս ծայրերը ուղիղ անկյունով թեքվում են աջ կամ ձախ՝ խորհրդանշելով աշխարհի չորս կողմերը տարածվող լույսը, արևը, անսահմանությունը ու հավերժությունը: Կենտրոնում ունենալով Մայր Երկիրը, այն նաև անընդհատ շարժման տպավորություն է թողնում, խորհրդանշելով արևի շարժումը: Բացի սվաստիկայի դասական այս ձևից, որը շատ պարզ է ու գեղեցիկ, գոյություն ունեն նաև եռաթև, բազմաթև, կորածայր, միոլոր, բազմոլոր և այլ ձևի սվաստիկաներ:

Սվաստիկան տարբեր ժողովուրդների մոտ տարբեր անվանումներ է ունեցել, սակայն 19-րդ դարի վերջերից տարածվում է սանսկրիտ սվաստիկա անվանումը: Հայաստանում տարածված են արևխաչ, կեռխաչ, ճանկախաչ, խաչաթև, արմնկաձև խաչ, հավերժության նշան և այլ անվանումներ: «Սասնա ծռեր» դյուցազնավեպից հայտնի «Խաչ Պատերազմին», որն իրենց աջ բազկին կապում էին Սասնա դյուցազունները թշնամու դեմ մարտի գնալուց առաջ, անկասկած սվաստիկա էր, քանի որ հենց սվաստիկան է եղել հայ ռազմիկների սիրված ու տարածված խորհրդանիշերից մեկը՝ ըստ հայտնաբերված հնագիտական նյութերի:

Հայաստանում հանդիպում են և՝ աջ թեքումով, և՝ ձախ թեքումով սվաստիկաներ, որոնք մեծ քանակությամբ պատկերված են Գեղամա և Սյունյաց լեռներին (ժայռապատկերներ), պեղումների ժամանակ հայտնաբերված զենք-զրահին, զարդերին, պաշտամունքային ու կենցաղային իրերին:

Սվաստիկայի նկատմամբ միշտ մեծ հետաքրքրություն է եղել աշխարհում: Բազմաթիվ գիտնականներ և ուսումնասիրողներ (Յ. դը Մորգան, Մուրիե, Լիտտրե, Դիվմուրտիե, Մ. Մյուլլեր) զբաղվել են սվաստիկայի առեղծվածով: Նրանք փորձել են պատասխանել բազմաթիվ հարցերի, այդ թվում. ի՞նչ է նշանակում սվաստիկայի աջ թեքումը, ի՞նչ է նշանակում ձախ թեքումը, ի՞նչ է նշանակում սվաստիկա բառը, ինչպե՞ս կարելի է այն բացատրել, ի՞նչ է խորհրդանշում այն և այլն:

Տարածված կարծիքներից մեկի համաձայն՝ սվաստիկայի (նաև խաչի) հիմքի հորիզոնական գիծը նյութական աշխարհն է, իսկ ուղղահայացը՝ ոգեղեն, տիեզերական աշխարհը: Այս պատկերում խաչաձևվում են նյութն ու ոգին: Սվաստիկայի աջ թեքված չորս ծայրերը՝ ըստ ջայնիզմի հետևորդ հնդիկ մի վարդապետի, նյութական տիեզերքում հոգիների գոյության չորս աստիճաններն են ներկայացնում. ա) նախասկզբնական, ստորին շրջան, բ) երկրային կյանք, բուսական և կենդանական աշխարհ, գ) մարդկային վիճակ և դ) երկնային կյանք: Այս բոլոր աստիճանավորումները նյութի ու ոգու միակցումներն են տարբեր վիճակներում:

10/09/2012

Շահան Նաթալի



Շահան Նաթալի (Հակոբ Տեր-Հակոբյան)՝ հասարակական-քաղաքական մեծ գործիչ, գրող, ծնվել է 1884-ին Խարբերդի նահանգի Հյուսեյնիկ գյուղում: Մեկ տարի Խարբերդի հռչակավոր Եփրատ քոլեջը հաճախելուց հետո 1897-1900-ին սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում, որտեղ նրա ուսուցիչն էր ականավոր մանկավարժ և իմաստասեր Շահան Պերպերյանը (որպես հարգանքի նշան՝ ընտրում է իր ուսուցչի անունը՝ Շահան: Ըստ հավաստի աղբյուրների, Շահանը հեռակա սիրահարված է եղել սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության թագուհի Նաթալիին, որի անունն էլ ընտրել է որպես իր կեղծանվան ազգանուն: 1901-ին վերադարձել է ծննդավայր, զբաղվել՝ մանկավարժությամբ, միաժամանակ ուսումասիրել է Խարբերդի բարբառը: 1904-ին Խարբերդում մտել է ՀՅԴ շարքերը, որտեղ քառորդ դար հայրենասիրական մեծ գործունեություն է ծավալել: Նույն թվականին էլ մեկնել է ԱՄՆ: 1909-12թթ. սովորել է Բոստոնի համալսարանում՝ հետևելով գրականության և փիլիսոփայության դասընթացների: Այդ տարիներին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ և թատրերգություններ, ՙՇանթ՚ և ՙՓյունիկ՚ գրական հանդեսները, որոշ ժամանակ՝ ՙՀայրենիք՚ օրաթերթը:
Մեծ եղեռնի լուրն առնելով՝ բոլոր պանդուխտների նման, Շահան Նաթալին հուզմունքի ու զայրույթի մղձավանջային պահեր է ապրել և հաստատել է իր վրեժխնդիր լինելու ուխտը. անպատիժ չթողնել ցեղասպաններին, եթե երբևէ աշխարհը չցանկանա նրանց պատժել: Նա դարձավ Հայոց ցեղասպանության գլխավոր հանցավոր-ոճրագործներին պատժող ՙՀատուկ հանձնաժողովի՚ անդամ, ՙՆեմեսիսի՚ կազմակերպիչ:
Թուրք դահիճները ազատ ու համարձակ շրջում էին Բեռլինի, Հռոմի, Բաքվի, Թիֆլիսի և այլ քաղաքների փողոցներում: Շահան Նաթալիի համար գլխավոր թիրախը մեծագույն հայակեր Թալեաթն էր, որին Նաթալին իր անգլերենով ակնարկում էր ՙնամբըր ուան՚՝ ՙթիվ առաջին՚: Այս գազանի զգետման առաքելությունը վստահվեց Սողոմոն Թեհլերյանին:
Շահան Նաթալին 1927-ին հունվարին հրաժարվել է ՀՅԴ բյուրոյի անդամությունից, երբ ընթացք չի տրվել հակաթուրքական ահաբեկումները շարունակելու իր առաջարկին: Որոշ ժամանակ ապրել է Եվրոպայում, Փարիզում հիմնել ՙԱրևմտահայ ազատագրական ուխտ՚ կազմակերպությունը, խմբագրել ՙԱզատամարտ՚ անկախ շաբաթաթերթը: Ապա վերադարձել է Բոստոն, ուր ապրել է մինչև մահ՝ 1983 թվականը:
1973-ին Գուրգեն Յանիկյանի արձակած փամփուշտներով վերածնված Հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարը հուզեց 90-ամյա Շահան Նաթալիի հոգին. նա Յանիկյանի և անձնազոհ հայ երիտասարդների մեջ տեսավ իր գործը շարունակողներին: Նեմեսիսը հարություն էր առել: Նորագույն շարժման առիթով նա իր գոհունակությունն ու հպարտությունը հայտնեց Նորագույն զինյալ ազատագրական շարժման անվեհեր մարտիկներին…:







Ճակատամարտ Սինգարայի մոտ, Շապուհ Բ-ի պարտությունը։



Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև սկսվում է Հայաստանը նվաճելու երկարատև պատերազմը, որը շարունակվում է 338—368 թթ.։ 338 թ. Հայաստանում գահակալում է Շապուհի որդի Ներսեհը, որին հայերը գահընկեց են անում և գահ բարձրացնում Խոսրով Կոդակի որդի Տիրանին (339—350 թթ.):
Շապուհ II-ը բռնի կերպով նորից Հայաստանի գահն է բարձրացնում Ներսեհին։ Հայ ժողովուրդն ապստամբում է և դիմում հռոմեացիների օգնությանը։
345 թ. գարնանը Շապուհ II-ը մեծաքանակ զորքով անցնում է Տիգրիս գետը և բանակ է գնում Հիլեյայի Սինգարա քաղաքի մոտ։ Այստեղ էլ տեղի է ունենում ճակատամարտը, որը կարելի է բաժանել երկու փուլի։
Առաջին փուլ։ Հայոց ծանր վահանավոր խիզախ հեծելազորը սկսում է մարտը։ Սկզբում հռոմեական և հայկական զորքերը նեղում են պարսից զորքերին։ Բայց պարսիկները, անցնելով գիշերային հարձակողական գործողությունների, պարտության են մատնում հռոմեական և հայկական զորքերին, որոնք ստիպված են լինում դադարեցնել իրենց մարտական գործողությունները՝ զորքում կարգը վերականգնելու նպատակով1։
Երկրորդ փուլ: Վերականգնելով իրենց մարտական կարգերը, հռոմեական և հայկական զորքերը նորից նույն տեղում սկսում են իրենց մարտական գործողությունները։ Այս անգամ Շապուհ II-ի զորքերը կրում են ծանր պարտություն, գերի է վերցվում ամբողջ կանանոցը և Շապուհի որդի Ներսեհը։ Շապուհ II-ը ազատվում է փախուստի դիմելով։ Չդիմանալով այդ խայտառակությանը, Շապուհը դիմում է հռոմեական Կոստանդիոս կայսրին՝ խնդրելով խաղաղություն կնքել։ Պարսկաստանի համար մյուս անբարենպաստ պայմանների հետ միասին Շապուհ II-ը համաձայնվում է Հայաստանի թագավորական գահը տալ Տիրանի որդի Արշակին (350—367)։

10/08/2012

Հայերի դերը ռուս-պարսկական պատերազմներում



Պատերազմների ժամանակ հայ ժողովուրդը զգալի ռազմական, նյութական և բարոյական օգնություն է ցույց տվել ռուսական բանակին: 1804–13 թթ-ի պատերազմի ընթացքում Երևանի բերդի առաջին պաշարմանը (1804 թ.) մասնակցել են 100 հեծյալից կազմված հայկական աշխարհազորային և Ռոստոմ Բեկի (Ռուստամ) գլխավորած հայկական հեծյալ ջոկատները: Պատերազմի առաջին իսկ օրերից Ղազախ-Շամշադինում և Դիլիջանում թշնամու դեմ սրընթաց գրոհներ է կատարել վարդապետ Գրիգոր Մանուչարյանցի աշխարհազորային ջոկատը (500 հեծյալ): Լոռի-Փամբակում աչքի են ընկել Մարտիրոս Վեքիլյանի ջոկատը և Մելիք-Աբովի հեծելաջոկատը (50 հեծյալ): 1806 թ-ին Ղարաբաղում կռվել է Մելիք-Ջումշուդ Շահնազարյանցի հեծյալ ջոկատը: 
1811–12 թթ-ին Զանգեզուրում նույնպես կազմակերպվել են աշխարհազորային ջոկատներ, որոնք մասնակցել են ռուսական զորքերի ռազմական գործողություններին: Շատ հայեր՝ որպես ռազմական հետախույզներ ու կապավորներ, մեծապես օժանդակել են ռուսական զորքերին: Խիզախությամբ և համարձակությամբ աչքի են ընկել Հարություն Բաբիջանյանը, Վանի և Հակոբ Աթաբեկյան եղբայրները, Հովհաննես Ասլանյանը (Երկրորդ ռուս-պարսկական պատերազմի հերոս), Հարություն Մանուկյանը, Մկրտիչ Կոստանյանը, Համազասպ Եսայանը և ուրիշներ:
1827 թ-ի գարնանը վիրահայոց հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու (Ամենայն հայոց կաթողիկոս՝ 1843–57 թթ-ին) և բանաստեղծ, մանկավարժ Հարություն Ալամդարյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում ու այլ քաղաքներում ստեղծվել են հայկական կամավորական գումարտակներ (ընդգրկվել են 18–30 տարեկան տղամարդիկ), որոնք ունեցել են իրենց կանոնադրությունը, ազգային դրոշը և հայ հրամանատարներ՝ զինվորական աստիճանով: Ղարաբաղի հայերը նույնպես կազմավորել են կամավորական մի հեծելազոր: 
Երևանյան արշավանքի ժամանակ կամավորների թիվը հասել է ավելի քան 1000 հոգու: 
1826–28 թթ-ի ռուս-պարսկական պատերազմին, որպես հեծյալ ջոկատի հրամանատար, մասնակցել է Նապոլեոն I-ի թիկնապահ Ռուստամը (Ռոստոմ Խաչատուրյան) և Ղարաբաղի ազատագրումից հետո բնակվել է Շուշիում: 
Պատերազմների ժամանակ ռուսական բանակի պարենի պակասը հոգացել են հայ բնակիչները, զգալի օգնություն է ցույց տվել նաև Սբ Էջմիածնի վանքը:
Երկրորդ ռուս-պարսկական պատերազմին գործուն մասնակցություն են ունեցել նաև Կովկաս աքսորված դեկաբրիստները (70 սպա և 3 հզ. շարքային զինվորներ):


ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողությունը:



1981թ. սեպտեմբերի 24-ին  20-24 տարեկան չորս հայ երիտասարդներ (Վազգեն Սիսլյան, Արամ Պասմաճյան, Հակոբ Ջուլֆայան և Գևորգ Կյուզելյան), զինված ատրճանակներով, ինքնաձիգներով և պայթուցիկներով, գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը, 15 ժամ պահեցին իրենց հսկողության տակ:
ԱՍԱԼԱ-ի չորս մարտիկները տարբեր կուսակցություններից էին. խմբակի ղեկավարն ու փոխղեկավարը Վազգեն Սիսլյանն ու Գևորգ Կյուզելյանը հնչակյան կուսակցության անդամ էին, Արամ Պասմաճյանը դաշնակցական էր, իսկ Հակոբ Ջուլֆայանը՝ անկուսակցական:Սկսվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) «Վան» գործողությունը, որը կոչված էր պատմական դառնալու հայկական ազգային ազատագրական շարժման տարեգրության մեջ: Պատմական էր դառնալու նաև չորս տղաների դատավարությունը:Ավելի քան 15 ժամ 59 պատանդ պահելով` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի չորս մարտիկները բանակցությունների մեջ մտան թուրքական կառավարության հետ՝ ֆրանսիական կառավարության միջնորդությամբ: Նրանց պահանջները, բնականաբար, թուրքական կառավարությունը չպետք է ընդուներ:Առանձնահատուկ էր «Վան» գործողության չորս մարտիկների դատավարությունը, որը կայացավ 1984 թ. հունվարի 24-31-ը: Դա առաջին քաղաքական դատավարությունն էր 1921թ. Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունից ի վեր: Չորս մարտիկների դատավարությունը վերածվեց Թուրքիայի դատապարտության ամբիոնի: Հայության դատը գերազանց պաշտպանեց Ֆրանսիայում շատ հայտնի փաստաբանների մի համաստեղություն` Լեկլերկ, Թեյջան, Սինյար, Պատրիկ Դևեջյան, Ասլանյան, Փեշտիմալջյան: Դատավարությանը ցեղասպան Թուրքիան դատապարտող ելույթ ունեցավ Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի այրին` տիկին Մելինեն, որ նախագահից թույլտվություն խնդրեց համբուրելու չորս տղաների ճակատը, ինչին նախագահն ընդառաջեց բացառության կարգով: Ընթերցվեցին նաև Շառլ Ազնավուրի և Անրի Վեռնոյի նամակները:Ֆրանսիայի դատարանը չորսին էլ դատապարտեց 7 տարի ազատազրկման:Չորս մարտիկներից բանտից կենդանի դուրս եկավ երեքը՝ Արամ Պասմաճյանը 1985թ. ինքնասպան եղավ: Նա թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը (խորհրդանշական գերեզմանը գտնվում է Եռաբլուրում, հայ անմահների պանթեոնի մուտքին կանգնեցված ԱՍԱԼԱ-ի հուշակոթողի շուքին տակ գտնվող նահատակների խորհրդանշական պանթեոնում): Վազգենը, Գևորգն ու Հակոբը ազատ արձակվեցին ժամկետից շուտ` 1986թ. օգոստոսին ու վերադարձան Լիբանան: Տարիներ անց, երեքն էլ հաստատվեցին Հայաստանում՝ Գևորգ Կյուզելյանը «Մեծն Մուրադ» ջոկատի հրամանատարությունն ստանձնելով մասնակցեց Արցախյան ազատամարտին: Վազգեն Սիսլյանը նունպես ունեցավ իր ներդրումը ազատագրական մարտերում:



10/06/2012

«Եթե մենք որոշել ենք ընդհանրապես գոյություն ունենալ, պետք է ոտքի կանգնենք»

168.am


Հարցազրույց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի հետ
- Ձեր կարծիքով` «Սիվիլիթասի» հայտնի գործը և Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քաղաքական դրդապատճառներ ունի՞: Եթե այո` ապա որո՞նք են դրանք և ո՞ւմ դեմ են ուղղված:
- Իհարկե, այս ամենի մեջ կա մի բան, որի վրա առավել քիչ ուշադրություն է դարձվում. կա մարդկային ողբերգություն, ինչպես այսօր քաղաքական դաշտում է կատարվում հայտնի անձնավորության հետ, և դրա համար ուշադրությունը շատ մեծ է: Բայց այն համակարգը, որը ձևավորվել է այս տարիների ընթացքում` ամենօրյա մարդկային ողբերգություն է հարյուրավոր քաղաքացիների համար: Մեկի տանը սպանություն է լինում, մյուսի տանը` ինքնասպանություն, երրորդի տնից մարդ է գնացել աշխատանքի` ընտանիքը կազմալուծվել է, և այլն: Այսպիսի ողբերգություններ ամեն օր են լինում, ուղղակի հենց գալիս է և քաղաքական գործչի շեմին է կանգնում այդ ողբերգությունը, այստեղ բոլորս ասում ենք` «այ, իրադարձություն է` երկրի հետ կապված»:
Երկրի հետ կապված իրադարձությունն այն հարյուրն է, որն ամեն օր կատարվում է: Այսօր այդ հարյուրին գումարվել է ևս մեկը` քաղաքական դաշտից: Սա մարդկային մասն է ողբերգության: Իրական քաղաքականությունը սա է: Իսկ հիմա` ճամարտակությունների մասին: Ինչո՞ւ եմ ասում` ճամարտակություններ. ցավալիորեն Հայաստանը մտել է մի աշխարհ, որի իրադարձությունները թելադրվում են ոչ Հայաստանից:
Այս ամենը Հայաստանի հետ կապ չունի, և Մուբարաքի ճակատագիրը տեսնելուց հետո` Վ.Օսկանյանի ճակատագիրը թող ոչ մեկին չզարմացնի: Մուբարաքն ազնվորեն ծառայում էր համակարգին, բայց եկավ մի պահ, երբ պետք էր ինչ-ինչ բաներ խաղարկել եգիպտական թատերաբեմում, կամ` ինչ-որ գործընթացներ էին սկսվել, և Մուբարաքը հանգիստ զոհաբերվեց: Մի ուրիշ տեղում էլ ուրիշ բան էր կատարվում` ավելի թատերականացված ներկայացումներ: Հիմա Հայաստանում մտնել կատարվող այս իրադարձությունների մեջ և սա համարել հիմնական խնդիրգ Դուք ինձ հարց եք տալիս` Հայաստանում այսպիսի բան է կատարվում:

10/05/2012

Հայկական էսկադրոն


Ռուսական բանակում հայազգի մարտիկներից կազմված հեծյալ ստորաբաժանումը, որ կազմակերպվեց 1722 թվականի ամռանը Աստրախանում կոչվեց Հայկական էսկադրոն։
Այն ծնունդ առավ հայ ժողովրդի ազատագրական պայքարի վերելքի պայմաններում, կապված Պետրոս Առաջինի պարսկական արշավանքի հետ։ «Հեծյալ ջոկատ», «Էսկադրոն», « Հետախուզական խումբ» անունները կրող ջոկատները միավորվեցին և ստացան Հայկական էսկադրոն անվանումը։
1725 թվականին Պետրոս Առաջինը էսկադրոնում մտցրեց ռուսական զինվորական կոչումներ, նշանակեց համապատասխան ռոճիկներ, որի շնո8հիվ հայ մարտիկների թիվը հասավ 700-ի։
Էսկադրոնը մասնակցել է Կասպից ծովի ավազանում և Կովկասյան լեռներում ռուսական զորքերի մված բոլոր մարտերին։ Էսկադրոնի շտաբը 1735 թվականին հաստատվեց Աստրախանում և Ղզլար ամրոցում։ Հայկական էսկադրոնի գործունեությունը դադարեցվեց 1784 թվականին Եկատերինա Երկրորդ կայսրուհու հրամանով։
Հայկական էսկադրոնի հրամանատարներ են եղել  Պետրոս դի Սարգիս Գիլնանենցը (1722-1724), Աղազար դի Խաչիկ Ախիջանենցը (1724-1750), Պետրոս Կասպարովը (1750-1760), Միրզաբեկ Մխիթար Վահանովա (1760-1764):

Քաղաքակիրթ առուծախ


Վիկտորյա Այդինյան

Գաղտնիք չէ, որ վաղնջական ժամանակներից ի վեր, երբ դեռ չէր առաջացել ժամանակակից մարդը, երբ անընդհատ պայքար էր ընթանում ոչ թե կուսակցությունների, այլ դինոզավրերի միջև, հայերը հռչակված էին որպես նմանը չունեցող առևտրականներ: Հայտնի է նաև, որ էվոլյուցիոն գործընթացները ի զորու են ազդելու բնական բոլոր երևույթների զարգացման վրա, բայց բնության օրենքները մեր պարագայում չեն գործում. հայը մինչ օրս լավ առևտրական է և ոչ ավելին. բուրժուազիա երբեք չձևավորվեց հայկական միջավայրում, չունեցանք առևտրականների կրթված սերունդ, ու առուծախը երբեք չդարձավ քաղաքակիրթ առևտուր: Բայց ահա այս օրերին շրջանառվում են զարմանալի լուրեր, թե օրենքի սահմաններում  գործարքներ են իրականանում <<ՀՀ կառավարությանն առնընթեր պետական գույքի կառավարման վարչություն>> կոչվող կոմերցիոն հիմնարկի միջնորդությամբ: Խոսքը, բնականաբար, ԱԳՆ շենքի մասին է, որը, տարօրինակ է, բայց դեռ չէր ծախվել: Բայց քանի որ պետք չէր որևէ մեկին նեղացնել, իր հերթն էլ եկավ: Թվում է, թե պետական գույքի նման օտարումը ոչ միայն անօրինական չէ, այլև մինչև անգամ շահավետ, քանի որ մի ապրանքի դիմաց կարծես թե երկուսն ենք ստանում: Բայց մեր հարգարժան առևտրականները չեն ուզում ընդունել, որ պետական գույքի օտարումով օտարում են նաև Երևանի քաղաքացուն իր իսկ քաղաքից: Վերջին տարիներին ընթացող շինարարական բուռն աշխատանքները, քաղաքի մոդեռնացումը, ժամանցի անթիվ կենտրոնների բացումը նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, նոր հնարավորություններ են ընձեռում բնակիչներիս, բայց արդյո՞ք դրանք նպաստում են կյանքի որակի բարձրացմանը, ավելի զարգացած և գիտակից լինելուն: Դրական արդյունքը բացառվում է, երբ նորի ստեղծումը ուղեկցվում է հնի ոչնչացմամբ: Երևանը վերածվել է էլիտար անապատի, աղավաղված է քաղաքի երբեմնի գեղեցիկ ճարտարապետությունը, իսկ հիմա էլ արդեն հերթը հասնում է թամանյանական կառույցների ոչնչացմանը: Նախարարության արդեն նախկին շենքում բարձրակարգ հյուրանոց են կառուցելու, մինչդեռ քաղաքի կենտրոնում հյուրանոցները քիչ չեն: Մի հարց էլ է առաջանում. հյուրանոց, բայց ու՞մ համար: Հայը իր տունը թողած հյուր չի գնա ու օթևան խնդրի` ծախսելով աստղաբաշխական թվեր, իսկ սիրելի պարսիկների, <<Ամերիգայեն եգածների>> ու  մնացածների համար եղածն էլ քիչ չէ, չնայած մեր ծայրահեղ լեգիտիմ կառավարությունը համակարծիք չէ:
Հերթը կառավարության շենքին էլ կհասնի, հետո էլ ԱԺ-ի շենքին... Մինչդեռ մեր` քաղաքագետներիս երազանքն էր գործել այն շենքերում, որոնք ունեն պատմություն, ավանդույթներ, մեծ ու թեկուզ փոքր մարդկանց հետքեր, բայց դե պիտի փոխենք մասնագիտական կողմնորոշումներս, որովհետև մեր երազանքը իրականացնել դժվար թե հաջողվի:

10/04/2012

Երկիրը փրկելու առաջարկ


Գրիգոր Պետրոսյան

Վերջին 20 տարիների ընթացքում լիովին քայքայվել են Հայաստանի արդյունաբերությունը եւ գիտությունը։ Բնակչության մեծամասնությունը մատնված է անգործության եւ գոյատեւում է բարեկամների տրանսֆերտների հաշվին, որը հիմնականում ծախսվում է պարսկական եւ թուրքական ապրանքներ ձեռք բերելու վրա։ Ժողովուրդը կորցրել է իր երկրում երջանիկ ապրելու հույսն ու հավատը։ Հայ երիտասարդը բնակարան գնելու եւ ընտանիք կազմելու հնարավորություն չունի, եւ ի տարբերություն դրա` հայոց երկրում դա անում են թուրքն ու պարսիկը, ու բացառված չէ, որ նրանք ֆինանսավորվում են Թուրքիա, Պարսկաստան պետությունների կողմից։ Այդ դառը իրականությունը դրդում է հային լքել իր հայրենիքը, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ 21-րդ դարիսպիտակ ցեղասպանություն”:
Օրակարգի հարց է դարձել Հայաստանի անվտանգության եւ պետականության ապահովման խնդիրը։ Այսօր ժամանակն աշխատում է ի վնաս հայի՝ պահանջ առաջադրելով ժողովրդավար իշխանության, որը կվերականգնի եւ կզարգացնի հանրապետության տնտեսությունը եւ գիտությունը, ապահովելով պատշաճ մակարդակ, որի վրա հիմնված կլինի ներքին ու արտաքին քաղաքականությունը, հնարավորություն ընձեռելով պահանջատիրոջ դիրքերից լուծելու պատմական խնդիրները։ Հայրենիքին, ողջ հայ ժողովրդին, իր ներքին եւ արտաքին խնդիրները լուծելու, նոր շունչ առնելու, հույսով եւ հավատով գործելու համար անհրաժեշտ է միասնական ազգանվեր, պրոֆեսիոնալ առաջնորդ։ Ափյուռքի հայության մեջ մենք ունենք պետական, քաղաքական գործիչներ, բարձրաստիճան դատավորներ, իրավաբաններ, գիտնականներ, բանկիրներ, գործարարներ
Մեր տեսակարար կշիռը կհզորանա, երբ կկարողանանք ներսի եւ դրսի ներուժը խելամտորեն օգտագործել։ Այդ հարցում վճռորոշ դեր ունենալով, առաջնորդի պատմական եւ սուրբ դերում ես տեսնում եմ համահայկական նոր կառույց՝Գերագույն մարմին”, որտեղ պետք է ընդգրկվեն վերոհիշյալ պրոֆեսիոնալներից առավել ազգանվիրյալները։ Առաջնահերթ պահանջ է՝ ստեղծելՀամահայկական ազգային ֆոնդ”, որը կիրականացվի ազգային տուրքի ձեւով։ Ընդ որում՝ ֆոնդի ստեղծմանը պետք է մասնակցեն սփյուռքի եւ Հայաստանի բոլոր հայերը, անկախ տարիքից։ Յուրաքանչյուր հայ պետք է ուղղորդվի մեր ժողովրդի պանծալի զավակ՝ մեծ զորավար Անդրանիկի խոսքերով. “Երբ իրիկունը գլուխներդ բարձին դնեք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին…”:
Համահայկական ազգային ֆոնդը (ՀԱՖ) պետք է կուտակվի որեւէ հուսալի բանկում, Համահայկական գերագույն մարմինն (ՀԳՄ) էլ լինի նրա տնօրենը։ Հայաստանի կառավարության հաշվետու լինելը ՀԳՄ-ին պարտադիր է։ Սփյուռքի եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ այս կամ այն կուսակցության պատկանելությունից, եթե իրեն համարում է հայ, պետք է համալրի Համահայկական կոնգրեսի շարքերը եւ յուրաքանչյուր ամիս իր եկամտի 1-3%-ը մուծի անդամավճար (ՀԱՖ-ինՀԿ-ն պետք է ունենա իր կանոնադրությունը։ Յուրաքանչյուր կոնգրեսական պետք է ունենա իր անդամատոմսը, որտեղ կգրանցվեն անդամավճարների մուծումները։ Ափյուռքի եւ Հայաստանի համայնքների ղեկավարները պետք է ընտրվեն ՀԿ բյուրոյի անդամ։ ՀԳՄ-ն եւ Հայաստանի կառավարությունը համատեղ պետք է իրականացնեն Հայաստանի զարգացման ծրագրերը, ինչի մասին պետք է տեղյակ լինեն ՀԿԲ-ն եւ Կոնգրեսի յուրաքանչյուր անդամ։ Այդ թափանցիկությունը խթան կհանդիսանա ողջ հայության միավորմանը եւ կդառնա այս նախագծի հաջողության գրավականը:
Ես համոզված եմ` յուրաքանչյուր հայ, անկախ մշտական բնակության վայրից, անհրաժեշտության դեպքում սատար կկանգնի իր հայրենիքի պաշտպանությանը, եւ դա միակ ճանապարհն է, որի շնորհիվ  Հայաստանը կվերածնվի, կդառնա հզոր պետություն, որի հետ հաշվի կնստի ողջ աշխարհը, այդ թվում նաեւ մեր դարավոր թշնամին:

Նապոլեոն Բոնապարտի հայ զորականները(Մաս 2)




Մյուրատը գրվել է Իոաշիվ, Յոխահիմ, նույնիսկ հայկական ձևով Հովակիմ։ Նա ծնունդով Ղարաբաղի Կրկժան գյուղից էր։ Երբ Նապոլեոնի զորքը գրավել է Մոսկվան, մարշալ Մյուրատը մարդիկ է ուղղարկել իր հայ ծանոթներին գտնելու։
Ըստ ավանդության, եգիպտական արշավանքից հետո Մյուրատի մոտ են բերում երկու հայ մամլուքների։ Մյուրատը, տեսնելով նրանց, հարցնում է. «Ա՛ խոխեք, տյուք ղարաբաղցի ե՞ք»։
Նրանցից մեկի անունը Պիեռ էր (Պետրոս, ազգանունը եղել է Ապրեսով), մյուսը՝ Ռուստամ կամ Ռուստան (ազգանունը Խաչատըրյան, ծնվել է 1780 թվականին Թիֆլիսում՝ Հովհան Խաչատրյանի ընտանիքում)։ Կահիրեյում, Ալեքսանդրիայում հաստատված երեխաները երբեմն հայտնվում էին մամլուքների շարքերում։ Այդպիսիք էին Պետրոսը և Ռուստամը։ 1799 թվականին Բուրգերի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում եգիպտացիները պարտվեցին։ Քրիստոնեական արյունը հորդեց հայ տղաների մեջ և նրանք նետվեցին ֆրանսիացիների գիրկը։ Նրանց ներկայացրին Մյուրատին, որն էլ տեղեկացրեց Բոնապարտին։ Ու երկու հայորդիները դարձան Բոնապարտի շքախմբի անդամ, պահպանելով մամլուքի իրենց կոչումը և հանդերձանքը, ծառայեցին ազնվորեն և քաջաբար։

10/03/2012

Անհրաժեշտ է վերականգնել զինվորական ամբիոնները


Գրիգոր Պետրոսյան



Մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ, հարեւաները եվրոպացիներ չեն: Թե թուրքը երբ կդառնա  բարոյական հատկանիշներով մարդ, Աստված գիտի: Այսօր  մեր բանակում տիրող վիճակը լուրջ ահազանգ է բոլորիս համար, իշխանություններն իրենց բոլոր լծակներով  պարտավոր են արմատախիլ անել այն բոլոր նեգատիվ երեւույթները, որոնք տեղ են գտել բանակում ու մեր հասարակական կյանքում: 90-ականների խառը տարիներին, առանց թուրքի օգնության, մենք ինքներս վերացրինք բուհերում զինվորական ամբիոնները, դա հանցագործություն էր պետականության անվտանգության նկատմամբ, եւ ոչ ոք մինչ այսօր դրա համար պատասխանատվություն չի կրել:Անհրաժեշտ է վերականգնել այդ ամբիոնները, ուսանողները ուսման տարիներին զուգահեռ կտիրապետեն զինվորական գիտելիքներին, կդաստիարակվեն համապատասխան զինվորական ոգով, ձեռք կբերեն գիտելիքներ, որոնք բուհն ավարտելուց հետո կամրապնդեն տարբեր զորամասերում: Յուրաքանչյուր երիտասարդ՝ լինի տղա թե աղջիկ, պետք է տիրապետի զենքին ու առաջին օգնությանը, իսկ դրան կնպաստեն զինվորական ամբիոնները: Այն գումարները, որոնք նախատեսված են զինվորի երկու տարվա ծառայության համար, կտնտեսվեն ու կուղղվեն բանակի վերազինմանը: Զինվորական ամբիոնները զուգահեռ կարող են ծառայել վերապատրաստման կարճատեւ ծրագրերին արդեն բանակից զորացրվածների համար: Հուսով եմ՝ պաշտպանության նախարարությունն ու պետական այրերը կարձագանքեն հոդվածին ու ձեռնամուխ կլինեն դրա իրականացմանը: Ես համոզված եմ՝ դրանից կշահեն բանակն ու ժողովուրդը: