«Ո՞վ էր Սերոբը, Աղբյուր մականված սողորդցի այդ հանրածանոթ գյուղացին, որի առջև սասանում են երկու ամբողջ գավառներ, որի անունով թնդում են Բաղեշի և Խլաթի լեռներն ու ձորերը…»Քրիստափոր ՄիքայելյանԱղբյուր Սերոբը (Վարդանյան) ֆիդայական շարժման առաջին սերնդի գործիչներից է:Ժողովուրդը նրան անվանել է Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող Սերոբ:Նա հայտնի է նաև Նեմրութի հսկա, Նեմրութի Ասլան անուններով:Աղբյուր Սերոբ (իսկական անունը՝ Սերոբ Վարդանյան, 1864, գ. Սոխորդ (Բիթլիս) – 1899, նոյեմբերի 1, Գելիգուզան (Սասուն)), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ՀՅԴ կուսակցության անդամ: Հայոց հինավուրց Տարոնո աշխարհի Ախլաթ (Խլաթ) գավառի Սողորդ գյուղի համբավավոր, հարուստ Խչեի տոհմից էր Սերոբը (Սերոբ Վարդանյան), ծնված 1864 թ.։ Սերոբը Վարդանյանների գերդաստանի չորս որդիներից կրտսերն էր։ Մանուկ հասակից սիրում էր շրջել հայրենի Նեմրութի լանջերին, ապրել սարերի ու լեռների շնորհած ազատությամբ։ Բնատուր որսորդ էր. մի զարմանալի հատկություն՝ բնորոշ մեծ հայդուկներին։ Որսորդության մեծ սիրահար էին Նիկոլ Դումանը, Գևորգ Չաուշն ու Սեբաստացի Մուրադը։Տասնութ տարեկանում ավագ եղբայրը՝ գյուղի ռես Մխեն Սերոբին նվիրում է հրացան և դաշույն, և նա ամբողջությամբ նվիրվում է որսորդության, ամեն օր սարերից վերադառնում հարուստ որսով։Նա բարձրահասակ էր, բնականից օժտված ֆիզիկական հրաշալի տվյալներով, իսկ լեռներում անցկացրած ազատ կյանքը, որսորդությունն ու ձիավարժությունը մեծապես նպաստեցին ձևավորելու ապագա մեծ ռազմիկին բնորոշ ֆիզիկական հզոր կոփվածք, բնության տարերքներին դիմագրավելու ուժ և անվրեպ նշանառուի հմտություն։ Նա մանկությունից տեսավ հայ գյուղացու իրավազուրկ, թշվառ վիճակը, և այդ ամենը նրա անաղարտ հոգում սերմանեցին հայության ազատությունը բռնադատող ամեն կարգի անարդարությունների դեմ պայքարելու բուռն ձգտում։Երբ բոլորում է Սերոբի 21 տարին, Պոլսից գյուղ է վերադառնում ազգային կյանքով տարված, ուսյալ հորեղբայրը՝ Առաքելը։ Հորեղբորը հիացմունք են պատճառում եղբորորդու հրաշալի ֆիզիկական կատարելությունը, հրազենին տիրապեւոելու անզուգական վարպետությունն ու բնատուր ընդունակությունները։ Եվ մի օր էլ, երբ Սերոբը վերադառնում էր սարերից՝ որսի հերթական զոհը շալակին, հորեղբայրը դիմում է նրան. «Սերոբ, իրաւ դան լաւ, կտրիչ որսորդ ես, նշան բռնած տեղը կը գամես, բայց բաւական չէ վայրի գազաններ որսալ, ատիկա հեշտ է, երբեմն մարդ գազաններ ալ որսալու է»։Հորեղբայրը հայրենասիրական գաղափարներ ու պայքարի ոգի է սերմանում նրա հոգում։
Հետագայում արդեն ֆիդայապետ Սերոբը բազմիցս խոստովանել է, որ «իր յեղափոխական մտքերու մեծագույն մասը պարտական է մեռած հորեղբորը՝ Առաքելին»։ Հաշվի առնելով նրա անսանձ, ըմբոստ խառնվածքը՝ որոշում են ամուսնացնել։ Սակայն ամուսնությանը երբեք չի խոչընդոտում Սերոբին՝ ժամանակի զգալի մասն անցկացրեց Նեմրութի լանջերին, մանավանդ որ կինը՝ Սոսեն, նույնպես ըմբոստ բնավորությամբ հրաշալիորեն ներդաշնակում էր ամուսնուն։Սերոբը՝ դեռևս երիտասարդ, բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և, խուսափելով իշխանությունների հետապնդումներից, 1891 թ-ին եղբայրների օգնությամբ հասել է Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա և անդամագրվել ՀՀԴ կուսակցությանը: Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին՝ 1895 թ-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը: Նրա հայդուկախմբում մարտնչած բազմաթիվ ֆիդայիներ (Բիթլիսցի Մուշեղը, Բալաբեխ Կարապետը և ուրիշներ) հետագայում դարձել են ջոկատների հրամանատարներ: Որոշ ժամանակով նրա խմբի անդամ է եղել նաև Անդրանիկը:1896 թ-ին Սերոբը կազմակերպել է ինքնապաշտպանական նոր խմբեր, նրանց տեղաբաշխել գյուղերում, զենք հայթայթել Կովկասից: 1897 թ-ին կռվել է Թեղուտում (Բիթլիսի նահանգ) և Սոխորթում: Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թ-ի հոկտեմբերի 20-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բիթլիսից ոչ հեռու՝ Բաբշեն գյուղի մոտ: Մարտը տևել է մինչև ուշ երեկո. հակառակորդն ունեցել է բազմաթիվ զոհեր:Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է Սերոբին: Հեռանալով Խլաթից` նա ապաստանել է Սասունում: 1899 թ-ի նոյեմբերին Սերոբը զինակիցների հետ պաշարվել է Գելիեգուզան գյուղում: Թուրքերին հաջողվել է դավադիրների միջոցով թունավորել նրան, սակայն մինչև վերահաս մահը Սերոբը շարունակել է մարտը: Նրա դին ընկել է թշնամու ձեռքը և գլխատվել:Կարճ տևեց Սերոբի հերոսական մաքառումներով լեցուն հայդուկային կյանքը։ Բազմաթիվ կռիվներում թշնամու մեծաքանակ ուժերի դեմ մարտնչելիս մշտապես հաղթանակի դափնիներ վաստակած Աղբյուր Սերոբը զոհ գնաց ստոր դավաճանությանը։ Սերոբի գլուխը կողովի մեջ դրած հանձնում են Բաղեշի հայոց առաջնորդարանինԿռվում զոհվել են նաև Սերոբի որդին ու երկու եղբայրները: Աղբյուր Սերոբի գլուխը թաղվել է Բիթլիսի Սբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում:Հայի ծարավ սիրտը զովացնող «Աղբյուր», ահա ժողովրդի կողմից նրա սխրանքների ճշմարիտ գնահատականը։ «Անոր թափած անդուլ ջանքերն ու տարածած գաղափարներ ու արժէքը գնահատելով, հայ ժողովուրդը «Աղբիւր» կոչեց զայն»։ Սերոբի գործը հավերժացնող լավագույն հուշարձաններից մեկը մեծ բանաստեղծի՝ Ավետիք Իսահակյանի հայրենաշունչ երգն է.Նեմրութայ սարը հազար ակն ունի՝Հազարն էլ Մըշու դաշտն ի վայր կերթայ.Մենակ Աղբիւրի աղբիւրը սրտիԽեղճ ժողովրդի սրտի մէջ կերթայԱզատ օրերի, դալուկ օրերիԾարաւ ժողովրդի սրտի մէջ կերթայ…Գելիեգուզանի կռվում գերվել և Բիթլիս է տարվել Աղբյուր Սերոբի վիրավոր կինը՝ խմբի միակ կին հայդուկը` Սոսեն, սակայն շուտով ազատվել է: Ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով: Սոսե Մայրիկը 1904 թ-ի Սասունի ապստամբությունից հետո տեղափոխվել է Վան, ապա՝ Կովկաս: Նրա մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում:1920 թ-ի վերջին Սոսե Մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ 1953 թ-ին վախճանվել է: 1998 թ-ին նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել Եռաբլուրում:Ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել Աղբյուր Սերոբի և Սոսե Մայրիկի սխրանքների մասին: Սերոբին են ձոնված «Գլուխդ՝ Բաղեշ, մարմինդ՝ Մուշ» և աշուղ Ֆահրատի «Ով որ քաջ է» երգերը:
Աղբյուրներ՝ Anunner.com, Հայկական հանրագիտարան, հայկական վիքիփեդիա
No comments:
Post a Comment