Արցախ աշխարհում, Սխտորաշեն գյուղի տարածքում մի ծառ կա, որին տեղացիները կոչում են Տնջրի (սոսի)։ 1900-ական թվականներին ծառն անձնագիր էր ստացել և հատուկ պահակ ուներ, որին աշխատավարձ էր վճարվում այդ մեն-միակ, հսկա ու հավերժական ծառը հսկելու համար։Վերջերս ծառին կրկին անձնագիր է շնորհվել։ Անձնագրի «տարիքը» սյունակում նշված է «2000 տարեկան»։Հնագույն աղբյուրները վկայում են, որ Մեսրոպ Մաշտոցն այդ ծառի մոտով է անցել դեպի Ամարաս՝ իր սուրբ առաքելությունը կատարելու։Հսկա սոսին բազմիցս կայծակնահար է եղել, ներսում առաջացել է «բնակմակերես» ժամանակակից 3 սենյականոց բնակարանի տարածքով՝ 44 քառակուսի մետր ։ Ծառի շրջագիծը հողի մակերեսում 27 մետր է, բարձրությունը՝ 54 մետր՝ 15 հարկանի շենքի բարձրությամբ։ Տնջրին մի քանի «դուռ» ունի, «կենտրոնական» մուտքով ձիավորը հեշտությամբ մտնում է ներս։ Գարնանից մինչև ուշ աշուն ծառի տերևները փարթամ են, մուգ կանաչ։ Ըստ մասնագետների՝ ծառը մեկ օրվա ընթացքում խմում է 4,5 տոննա ջուր։ Ծառի ստվերը ծածկում է 1400 քառակուսի մետր մակերես։ Հազարամյակների ճանապարհ անցած ծառի մասին հիշատակված է «Հայկական Հանրագիտարանի» 10-րդ հատորի Սխտորաշենին նվիրված հոդվածում։
Օգտագործված գրականություն` «Գիտելիքների շտեմարան» Ալբերտ Փարսադանյան։
No comments:
Post a Comment