9/24/2012

Հայկական լեգեոն

Հայկական լեգեոնը կամ արևելյան լեգեոնը կազմվեց ըստ Լոնդոնում կնքված պայմանագրի, որն ստորագրել էին Մարկ Սայքսը(Անգլիա), Ժորժ Պիկոն(Ֆրանսիա) և Պողոս Նուբար փաշան։ Լեգեոնը պետք է ֆրանսիական զորքերի կազմում պայքարի Թուրքիայի դեմ, որի դիմաց Ֆրանսիան խոստանում էր Կիլիկիայի հայերին տալ ինքնավարություն։ Կամավորներից կազմվեց Առաջին գումարտակը, որը փոխադրվեց Կիպրոս զորավարժությունների։ Հետագայում կազմվեցին նաև Երկրորդ և Երրորդ գումարտակները։Առաջին ռազմական մկրտությունը տեղի ունեցավ Պաղեստինում, 1918 թվականի սեպտեմբերի 18-ին (Արարայի ճակատամարտ)։ Կամավորակնների թիվը հասավ 5 հազարի։ Հայկական լեգեոնը նոյեմբերին մտավ Կիլիկիա։ Սակայն Ֆրանսիան արդեն մեծ առևտուր էր սկսել` Սիրիան պահպանելու եւ Թուրքիայում ունեցած տնտեսական խոշոր առանձնաշնորհումների վերականգնման դիմաց Կիլիկիան հանձնելու համար: Ուստի Մարաշում, Այնթապում, Սիսում, Իսլահիեում, Դյորթ Յոլում, Օսմանիեում, Հարունիեում, Միսիսում, Բաղչեում, Բոզանթիում, Ամանոսի եւ Տավրոսի լեռնաշղթաների երկայնքով Արարայի խելահեղ ճակատամարտից ավելի ծանր ու արյունալի մաքառումներ ունեցած Հայկական լեգեոնը, որն ապահովում էր Ֆրանսիայի ներկայությունը Կիլիկիայում, 1920-ի օգոստոսի 19-ին հայտարարվեց լուծարված: Այլ տվյալներով՝ Հայկական լեգեոնի լուծարումը վերջնականապես ավարտվեց միայն սեպտեմբերի 14-ին: 1920-ի վերջին եւ 1921-ի սկզբին լեգեոնականները հեռացան Կիլիկիայից: Մի մասն էլ մնաց եւ տարեվերջին կիլիկիահայության հետ բռնեց վերջին տարագրության դժվարին ճանապարհը:Կիլիկիայում մեր վերջին զորասյունը՝ Օսմանյան Թուրքիայի, ապա քեմալական բանակների դեմ որեւէ պարտություն չկրած Հայկական լեգեոնը, արեւմտահայության՝ իր հողի վրա մարող կանթեղի վերջին առկայծումն էր՝ պայծառ, բարձր, հզոր, եւ կամավորների մեղքը չէր, որ իրենց ազատագրած Կիլիկիան վերստին մնաց թշնամուն…
Օգտագործված գրականություն` «Գիտելիքների շտեմարան» Ալբերտ Փարսադանյան www.hayzinvor.am:

No comments:

Post a Comment